CLIL-ի (Content and Language Integrated Learning)՝ այսինքն որևէ առարկայի և լեզվի միակցված ուսուցման նշանակությունը ամբողջ աշխարհում օտար լեզուների դասավանդման բնագավառում գնալով մեծանում է: Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի շատ դպրոցներ ժամանակին աջակցել են օտար լեզուների ուսուցման այս տիպին և իրենց ուսումնական ծրագրերում ներառել են CLIL մեթոդով անցկացվող դասերը:
Այստեղ վճռորոշ դեր ունեն երեք փաստարկներ: Առաջինը, դասավանդվող շատ առարկաներում (հատկապես բնագիտական) հանդիպող էմպիրիկ-փորձարարական մոտեցումն է, ինչը օտար լեզուների ուսուցման գործընթացում չափազանց կարևոր է և թույլ է տալիս կիրառել ուսուցման նմանատիպ մեթոդներ: Երկրորդը, մեկ այլ լեզվի ուսուցումն է իրական ենթատեքստում, երբ սովորած նյութը անմիջապես հնարավոր է կիրառել: Երրորդը, լեզվական գործողությունները կոնկրետ և նկարագրելի առարկաների ու գործընթացների հետ կապելու հնարավորությունն է:
Բացի այդ, CLIL-ը ոչ միայն բարձրացնում է օտար լեզուներ սովորելիս հաջողության հասնելու հավանականությունը, այլև ընդհանուր առմամբ զարգացնում է սովորողների հաղորդակցական դիսկուրսի հմտությունները: Սա այն էական որակներից մեկն է, որն անհրաժեշտ է մասնագիտական կյանքում հաջող մեկնարկի և ցանկալի կարիերա կառուցելու համար:
CLIL մեթոդի ներդրման համար նոր ուսումնական ծրագրի անհրաժեշտություն չկա: Մասնագիտական առարկայի դասավանդման շրջանակում նախագծային փոքր մոդուլները լավ սկիզբ կարող են լինել ծրագրի ներդրման համար:
Այս միտքն ընդգծում են CLIL թեմայով 10 թեզիսները:
- Երկլեզու դասավանդվող առարկան համարվում է նոր առարկա, քանի որ (եղած) տարրերը համադրվում են միմյանց հետ և արդյունքում ստացվում է գիտելիքների ու հմտությունների փոխանցման նոր եղանակ:
- Երկլեզու դասավանդումը, իր բարդ պահանջների պատճառով, ենթադրում է մեթոդական-դիդակտիկ մոտեցումների օգտագործում: Այն է՝ կողմնորոշումը դեպի գործողությունը, սովորողների կենտրոնացումը և ինքնուրույնությունը:
- Երկլեզու դասավանդման ժամանակ մասնագիտական ուսուցումն իրականացվում է օտար լեզվով և այդ լեզվի օգնությամբ միաժամանակ: Այդպիսով ձևավորվում է մի այսպիսի ցիկլ՝ «լեզվի ընկալում, զննում, փորձարկում, կիրառում, գեներացում և գիտակցում», որն անընդհատ կրկնվում է փոքր կամ մեծ մասշտաբով:
- Օտար լեզվի դասավանդման ավանդական մեթոդները ընդհանուր առմամբ զարգացնում են առօրյա լեզվական հմտություններ (միջանձնային հաղորդակցման բազային հմտություններ BICS), մինչդեռ երկլեզու դասավանդումը ձևավորում է այնպիսի լեզվական հմտություններ, որոնք օգնում են բանավոր խոսքի միջոցներով արտահայտել համալիր մտածողության գործընթացը (լեզվի ճանաչողական ակադեմիական իմացություն CALP): Բացի այդ, զարգանում է բովանդակային քննարկումներ անցկացնելու հմտությունը: Այդպիսով, երկլեզու ուսուցումը միտված է հիմնական ունակությունների զարգացմանը:
- Առարկայի երկլեզու դասավանդումը չի ենթադրում ուսուցման երկու նպատակների ձևավորում: Առարկայական ուսուցումը գերակշռող դիրքում է և ղեկավարում է ուսուցման նպատակները:
- Բնագիտական առարկաները, մաթեմատիկան, ինֆորմատիկան և տեխնիկան առավել հարմար են երկլեզու ուսուցման համար, քանի որ՝ առաջինը, ինչպես առարկայական, այնպես էլ լեզվի դասավանդմանը հատուկ է էմպիրիկ-փորձարարական մոտեցումը, և ուսումնական գործընթացում կիրառվում են նմանատիպ մեթոդներ: Երկրորդը, օտար լեզուն ուսուցանվում է իրական ենթատեքստում, երբ սովորած նյութը անմիջապես հնարավոր է կիրառել: Երրորդը, լեզվական գործողությունները գերակշռելիորեն կարող են կապվել կոնկրետ և նկարագրելի առարկաների ու գործընթացների հետ:
- Առարկայի երկլեզու դասավանդումը պահանջում է համագործակցության կոոպերատիվ ձևեր: Այդ պատճառով այն առավելապես նախատեսված է նախագծային աշխատանքի համար:
- Երկլեզու դասավանդումը սահմանափակվում է ոչ միայն ֆորմալ-ինստիտուցիոնալ ձևաչափով, այն նաև նպաստում է ուսումնական աշխատանքի արտադասարանային ձևերի զարգացմանը, օրինակ՝ միջառարկայական նախագծերում:
- Երկլեզու դասավանդումը գործնականում կարող է արտահայտվել տարբեր ձևերով՝ որևէ առարկայի շրջանակներում փոքր, կոնկրետ թեմայի վրա հիմնված, մի քանի շաբաթ տևողությամբ նախագծային մոդուլներ, մեկ կիսամյակ կամ տարի տևողությամբ միջառարկայական թեմաներ ներառող նախագծեր, և այն կարող է ներառվել ընդհուպ մինչև ուսումնական պանում, ինչը ենթադրում է երկարաժամկետ հեռանկարով մշտական ինտեգրում կրթական գործընթացում:
- Երկլեզու դասավանդումը կարելի է ներդնել արդեն իսկ մանկապարտեզներում և նախադպրոցական հաստատություններում, իհարկե խաղերի ձևով: Այնուհետև շարունակել տարրական դպրոցում և, զարգացման ամբողջ պոտենցիալի օգտագործման նախապայմանով, միջին դասարաններում և ամբողջ ծավալով կիրառել բարձր դասարաններում:
Մանրամասների համար այցելեք www.goethe.de/clil