Աստղային ձայներ
Նախագիծը միավորում է արվեստագետների և տեսաբանների, որոնք տիեզերքի հետ հարաբերությունը վերաիմաստավորում են ապագաղութատիրական և փորձարարական տեսանկյուններից։ Այն ներառում է կացության ծրագրեր, ցուցադրություններ, բազմաբնույթ կրթական ձևաչափեր և ամփոփիչ հրատարակություն։
Նախագծի մասին
«Արագած» տիեզերական կենտրոնը, որը գտնվում է Հայաստանի լեռներում, 1960–70‑ականներին հանդիսացել է խորհրդային տիեզերական հետազոտությունների կարևոր կենտրոններից մեկը։ Բացի ռազմական գործառույթներից, այն ծառայում էր տիեզերքի ուսումնասիրությանը և համարվում էր SETI հետազոտությունների առաջատարներից։ Ստացված գիտելիքները գտնվում էին «տիեզերական մրցավազքի» համատեքստում՝ ղեկավարվելով Մոսկվայից, մինչդեռ հայկական ծայրամասը գործածվում էր որպես կայսերական ուժի գործիք։
Այսօր կառույցները լքված են և քայքայված։ Դրանք վկայում են անցողիկության մասին, մինչդեռ աստղերին ուղղված հայացքը շարունակում է արտահայտել ժամանակից դուրս մարդկային ձգտումը։ Այս տեսանկյունը հատկապես արդիական է այսօր․ տիեզերքի ուսումնասիրությունը խորացնում է Երկիրը որպես խոցելի և սահմանափակ համակարգ ընկալելու մեր պատկերացումը, բացահայտում գլոբալ փոխկախվածությունները և նորովի առաջադրում պատասխանատվության, տեխնոլոգիայի և ապագայի հարցերը։ Միաժամանակ տիեզերական ծրագրերն ու տարածքի ընդարձակման տեսլականները կրկին ձեռք են բերում աշխարհաքաղաքական և տնտեսական նշանակություն։ Անթրոպոցենի պայմաններում Երկրի՝ որպես փոխկապակցված համակարգի ընկալումը դառնում է առանցքային, իսկ պատմությունը ցույց է տալիս, որ այդ հայացքը պետք է ազատվի ուժակենտրոն մոտեցումներից և ենթարկվի ապագաղութատիրական վերաիմաստավորման։
«Աստղային ձայներ» նախագծի շրջանակում միջազգային ձայնային արվեստագետները աշխատում են խորհրդային տիեզերական հետազոտությունների և մոլորակային մտածողության ժամանակակից տեսությունների փոխկապակցվածության շուրջ։ Հայաստանում կազմակերպվող կացության ծրագրի ընթացքում ձևավորվում են նոր արվեստագիտական դիրքորոշումներ՝ ուղեկցվելով տեսական ներդրումներով։
Նախագծի արդյունքները կներկայացվեն Հայաստանում, Բեռլինում և Նեբրայում ցուցադրությունների միջոցով՝ համալրված երկլեզու հրատարակությամբ և կրթական ձևաչափերով՝ համալսարանների հետ համագործակցությամբ, նպատակ ունենալով խթանել գիտելիքի փոխանցումը և ներգրավել նոր լսարաններ։
Մասնակցող արվեստագետներ
Նախագծի գործընկերներ
Նախագիծը իրականացվում է Հայաստանի Գյոթե ինստիտուտի գլխավորությամբ՝ Նոպա ձայնային արվեստի փառատոնի հետ գործընկերությամբ և հայկական ու գերմանական ինստիտուցիոնալ գործընկերների համագործակցությամբ։