Common Crafts – Common Libraries
ԳԱՂԱՓԱՐ
Common Crafts – Common Libraries-ը միավորում է Գյոթե ինստիտուտի ինը գրադարաններ՝ համատեղ ուսումնառության և փորձի փոխանակման գործընթացում։ Մեկնարկը 2025 թ․նոյեմբերին Աթենքում անցկացված տարածաշրջանային, ցանցային հանդիպումն էր, որի ընթացքում գրադարանավարները, դիզայներները և մշակույթի ոլորտի գործիչները ուսումնասիրել են, թե ինչպես կարող են արհեստագործական պրակտիկաները նոր խթաններ ստեղծել գրադարանային աշխատանքի համար։ Արհեստագործական մշակութային ժառանգության ներգրավման միջոցով ձևավորվում են նրա փոխանցման և կայուն զարգացման նոր ձևեր։
Ուշադրության կենտրոնում է արհեստագործությունը՝ որպես գիտելիքի ձև, որը դուրս է գալիս գրքերի շրջանակներից։ Կերամիկան, տեքստիլ աշխատանքը, գրքակազմությունը, վերանորոգումը կամ այգեգործությունը նման պրակտիկաները գիտելիքը դարձնում են անմիջապես ընկալելի, ամրապնդում են հարաբերությունները և ստեղծում են հանդիպումների առիթներ։ Այս գործընթացում գրադարանը ստանձնում է ակտիվ դեր՝ որպես ստեղծագործելու վայր, որտեղ մարդիկ ծանոթանում են արհեստագործական պրակտիկաներին, կիրառում դրանք և համատեղ անդրադարձ կատարում։
Ծրագիրը հիմնվում է մասնակցային ձևաչափերի, կայուն զարգացման աշխատանքային մոտեցումների, ինչպես նաև անալոգ և թվային մեթոդների գիտակցված կիրառման վրա։ Թվային փոխակերպման համատեքստում արհեստի և թվային գործիքների համադրությունը վերաիմաստավորվում է հիբրիդային մոտեցումների միջոցով, որոնք արհեստագործական պրակտիկան կապում են փաստագրության, արխիվացման և փոխանցման թվային ձևերի հետ՝ այդպիսով ստեղծելով գիտելիքի պատասխանատու կիրառման ժամանակակից մոդելներ։
Միաժամանակ այս մոտեցումները դրսևորվում են տարբեր համատեքստերում․ գրադարանները գործում են տարբեր շրջանակային պայմաններում՝ ունենալով իրենց առանձնահատուկ դինամիկան և ռեսուրսները։
Common Crafts – Common Libraries-ը այս բազմազանությունը դիտարկում է որպես առանձնահատուկ ուժ՝ փոխանակման, համատեղ փորձարկման և միմյանցից կայուն կերպով սովորելու հիմք։
ՑԱՆՑԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ 2025
2025 թ․ նոյեմբերի 3-ին և 4-ին Աթենքի Գյոթե ինստիտուտում անցկացված տարածշրջանային ցանցային հանդիպումը միավորեց գրադարանավարների և դիզայնի, արվեստի ու տեխնոլոգիաների ոլորտների փորձագետներին։
Նպատակն էր համատեղ ուսումնասիրել, թե ինչպես կարող են գրադարանները ստանձնելավելի ուժեղ դեր՝ արհեստագործական գիտելիքի պահպանման, համայնքների խթանման և կայուն ապագայի մոդելների զարգացման գործում։
Ներքին աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվեցին կարիքները, հնարավորություններն ու պրակտիկային ուղղված մոտեցումները։ Հանդիպումն ամփոփվեց նոյեմբերի 3-ին կայացած հանրային պանելային քննարկմամբ, որի ընթացքում հրավիրված փորձագետները ներկայացրին շրջանաձև և նորարարական ձևաչափերի վերաբերյալ գաղափարներ, որոնք կարող են արդյունավետորեն կապել արհեստը և գրադարանները։
Ցանցային հանդիպման ընթացքում ձեռք բերված արդյունքները հիմք են հանդիսանում նորարարական նախագծային ձևաչափերի մշակման համար, որոնք 2026 թ. կիրականացվեն Գյոթե ինստիտուտի տեղական գրադարաններում։